Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է սիրահարներին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Կիրակնօրյա քարոզի ժամանակ քահանայապետն ասել է, որ աղոթում և օրհնում է սիրահարներին:
«Այսօր Սուրբ Վալենտինի օրն է: Եվ ես իմ մտքերն ու շնորհավորանքներն եմ ուղղում նշանվածներին ու սիրահարներին, աղոթում եմ նրանց համար և օրհնում նրանց»,-ասել է նա:
Սուրբ Վալենտինը նշում են աշխարհի կաթոլիկները: Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։