Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ դեսպանին ասել են, որ Ամերիկայի նախագահի հայտարարությունն «անվավեր է միջազգային իրավունքի տեսակետից, խորապես վնասում է թուրք ժողովրդին և վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնք դժվար կլինի վերականգնել»:
Նշվում է նաև, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ հայտարարել են, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերին փակ են լինելու՝ հնարավոր բողոքների պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», – հայտարարել էր Բայդենը՝ այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի սպանություններն անվանեց Ցեղասպանություն։