«Babuk Locker» հաքերային խմբավորման ներկայացուցիչները կոտրել են Վաշինգտոնի ոստիկանական վարչության համակարգչային ցանցերը։ Նրանց հասանելի են դարձել մի շարք տվյալներ։ Այս մասին հաղորդում է The Record-ը:
ԱՄՆ ոստիկանությունն արդեն պաշտոնապես ճանաչել է տվյալների բազան կոտրելու փաստը։
Կոտրված տվյալների թվում հետաքննությունների, ավազակախմբերի անդամների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ են։ Որպես ապացույց հաքերները իրենց կայքում տեղադրել են գողացված ֆայլերի սքրինշոթները։
Հաքերները Վաշինգտոնի ոստիկանությանը երեք օր են տվել փրկագին վճարելու համար։ Եթե փրկագին չվճարվի, Babuk Locker-ը սպառնում է կապ հաստատել տվյալներում առկա ավազակախմբերի ներկայացուցիչների հետ և նրանց փոխանցել ոստիկանության տվյալները։