Variety ամսագիրը հրապարակել է մի հետաքննություն, որը վերաբերում է կորոնավիրուսի ժամանակ ամերիկյան խոշորագույն մեդիաընկերությունների ղեկավարների աշխատավարձերին: Այս մասին հայտնում է Известия-ն:
Օրինակ, Disney-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոբերտ Այգերը 2020 թվականին 21 մլն դոլարի չափով պարգևավճար է ստացել: Նշվում է, որ Այգերը համարվում է մեդիաբիզնեսի ամենաբարձր վարձատրվող ղեկավարը:
Netflix-ի ղեկավար և համահիմնադիր Ռիդ Հասթինգսի աշխատավարձը 2020 թվականին կազմել է 43,2 մլն դոլար: Համաճարակը Netflix-ին բազմամիլիոնանոց շահույթ է բերել, քանի որ ամբողջ աշխարհը հայտնվել էր ինքնամեկուսացման մեջ և ժամանցը հաճախ լրացնում էր ֆիլմերի միջոցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցյալ տարվա վերջին երկու ամսվա ընթացքում Ռիդ Հասթինգսը Netflix ընկերության բաժնետոմսերը վաճառել է 225 մլն դոլարով: Նշվում էր, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ գործարքներով նա 600 մլն դոլար է վաստակել: