Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում պատմել միասեռականության եւ տրանսգենդերության մասին։ Այն սահմանում է այն կազմակերպությունների ցանկը, որոնք կարող են սեռական դաստիարակության դասեր անցկացնել:
Օրենքը նաեւ արգելում է սեռափոխություն կամ համասեռամոլություն խրախուսող նյութերի ցուցադրումը 18 տարեկանից ցածր անձանց: Սահմանափակումները կտարածվեն նաեւ գովազդի վրա։ Այս մասին գրում են Hungary Today-ը եւ The Guardian-ը։
Փոփոխությունների ընդունման օգտին միաձայն քվեարկել են «Ֆիդես» իշխող կուսակցության պատգամավորները՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը: Օրենքի դեմ հանդես են եկել իրավապաշտպաններն ու ԼԳԲՏ կազմակերպությունները, հունիսի 14-ին Բուդապեշտում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ փաստաթղթի ընդունման:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Վիգն այս նախաձեռնությունը համեմատել է 2013 թվականի ռուսական օրենքի հետ, որն արգելում է «անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը»: