Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների տեսանկյունից:
«Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջև, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաև տոնում ենք այդ գործընկերությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Տեսաուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև ընդգծել է Հայաստանի հետ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ու ԱՄՆ-ը կտոնեն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Նա նաև նշել է, որ անցած տարի բարդ տարի էր գլոբալ առումով, ինչպես նաև Հայաստանի համար, մասնավորապես, COVID-19-ի տեսանկյունից:
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը համավարակի դեմ պայքարի համար արդեն հատկացրել է Հայաստանին 11 միլիոն դոլար: Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի հարցին՝ ասելով, որ ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն պատերազմից տուժած մարդկանց օգնելու և գործողություններն ապահովելու համար:
«COVID-19-ի և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ օգնության պահանջմունքը բավարարելու համար»,- հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:
Դեսպանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
«Եկեք գնահատենք աշխատանքը, որը կատարել ենք մենք, որպեսզի օգնենք առավել տուժածներին սկսել առողջանալու գործընթացն ու շարժվել դեպի լավագույն ժամանակները»,- նշել է նա: