ԱՄՆ զինված ուժերը, որոնք կարգուկանոն են ապահովում Աֆղանստանից քաղաքացիների տարհանման ժամանակ, սկսել են նախազգուշական կրակոցներ արձակել օդից այն բանից հետո, երբ մեծ ամբոխ է ներխուժել Քաբուլի օդանավակայան, հաղորդել է TACC-ը:
Իր հերթին, BFM հեռուստաալիքն իր կայքում մեջբերում է Twitter-ի` ականատեսների տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ ճեղքում պատնեշները և փորձում բարձրանալ վայրէջքի թեքահարթակներ՝ Աֆղանստանից դուրս գալու համար: Հետին պլանում լսվում են կրակոցներ:
Ներկայումս Քաբուլի օդանավակայանից տեղի է ունենում արևմտյան քաղաքացիների զանգվածային տարհանում: Բրյուսելի աղբյուրների համաձայն՝ օդանավակայանը Աֆղանստանում վերջին խոշոր օբյեկտն է, որը մնացել է ՆԱՏՕ-ի ուժերի վերահսկողության տակ, դրա անվտանգությունն ապահովում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինվորականները:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավարտել է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների տարհանումը Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան: Պենտագոնի խոսնակն իր հերթին ասաց, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ժամանակներս Քաբուլի օդանավակայանի տարածքում զինծառայողների թիվը հասցնել 6000-ի:
«Թալիբան» շարժման գրոհայինները, ըստ «Ալ Արաբիայի», կիրակի մտել են Քաբուլ առանց կռվի և սկսել գրավել լքված կառավարական գրասենյակները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր տարածքներում վերահսկողություն սահմանելու մասին։