Աֆղանստանում կընդունվի նոր Սահմանադրություն: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է թալիբական շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Նաիմը:
«Այժմ մենք պետք է բավարարենք մարդկանց կարիքները, հաղթահարենք վակուումը, ապա ձեռնարկենք այլ քայլեր: Բայց ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- պատասխանել է Նաիմը հարցին, թե արդյոք նոր Սահմանադրությունը կընդունվի հանրաքվեի միջոցով:
«Մենք դեռ անցումային փուլում ենք: Ինչ վերաբերում է երկրի նախարարություններին և կառավարությանը, ապա իրավիճակը պարզ կդառնա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Նաիմը՝ հավելելով, որ երկրում կառավարման ձևի մասին խոսել դեռ վաղ է:
«Այս պահին մենք չենք հայտարարել «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին, բայց հենց սկզբից մենք հայտարարել ենք դա անելու մեր ցանկության մասին»,- ասել է Նաիմը՝ հերքելով մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները: