Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2 207-ի։ Այս մասին կիրակի հայտնել է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ վիրավորների թիվը նույնն է՝ 12 268 մարդ։ 344 մարդ համարվում է անհետ կորած։ Տարածաշրջանում մոտ 53 հազար շենք ամբողջությամբ ավերվել է, 77 հազարը՝ մասնակի: Այս պահին փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց փնտրել։
Օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիի շրջանում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 40 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Լրջորեն տուժել են Հարավ, Գրանդ Անս և Նիպպ դեպարտամենտները: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։