Անկարան չի կարողանա ապաստան տրամադրել Աֆղանստանից եկող փախստականներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Թուրքիան մինչև վերջ կատարել է միգրացիայի նկատմամբ բարոյական և հումանիտար պարտականությունները։ Փախստականների լրացուցիչ ալիքի մասին խոսք լինել չի կարող»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը։
Թուրքիան մտադիր է առավելագույնս հեռու մնալ Աֆղանստանից փախստականների ընդունման հարցերից այն պատճառով, որ հնարավորություն չունի դրա համար լրացուցիչ միջոցներ հատկացնել։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, «երկիրը ռեսուրս չունի գոնե մեկ լրացուցիչ միգրանտի ընդունելու համար», և Թուրքիան «փախստականների ճամբար չէ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում Է Աֆղանստանում տիրող իրավիճակին, այդ թվում ՝ այնտեղից միգրացիայի համատեքստում, և աշխատում է այլ պետությունների հետ՝ փախստականների խնդրի արդյունավետ լուծման ուղղությամբ: