Դանիայի իշխանություններն այսօրվանից՝ սեպտեմբերի 10-ից, չեղյալ են հայտարարել կորոնավիրուսով պայմանավորված բոլոր սահմանափակումները: Այսուհետև COVID-19-ն այդ երկրում չի համարվում «հասարակության համար վտանգավոր հիվանդություն»: Զանգվածային միջոցառումներին մասնակցելիս այլևս պարտադիր չէ պատվաստման վկայագիր ներկայացնելը: Ավելի վաղ էլ չեղյալ էր հայտարարվել «դիմակային ռեժիմը»։ Այս մասին հայտնում է dw.com-ը։
Սեպտեմբերի սկզբին՝ առաջին անգամ վերջին մեկուկես տարվա ընթացքում, Դանիայում դիսկոտեկներ բացվեցին նախ քովիդ-անձնագրերով այցելուների համար, այսինքն՝ նրանց, ովքեր պատվաստվել էին կամ հիվանդացել կորոնավիրուսով: Այժմ դիսկոտեկները կգործեն բոլորի համար:
Նշվում է, որ հակակորոնավիրուսային միջոցառումների չեղարկման պատճառը պատվաստումների բարձր մակարդակն է. 12 տարեկանից բարձր բնակչության 83 տոկոսը պատվաստված է: Միևնույն ժամանակ, պահպանվում են Դանիա մուտք գործելու համար մտցված սահմանափակումները՝ կախված այն երկրից, որտեղից մարդիկ ժամանում են: Օրինակ՝ Գերմանիայից ժամանածները (բացառությամբ Դանիայի հետ սահմանակից Շլեսվիգ-Հոլշտայն դաշնային նահանգի) պետք է անցնեն կորոնավիրուսի թեստ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբերի վերջ Դանիայի հարևան Շվեդիան է պատրաստվում պարտադիր սահմանափակումներից անցնել առաջարկությունների: