ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել են անվտանգության ոլորտում նոր եռակողմ գործընկերության՝ «AUKUS» պաշտպանական դաշինքի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Դաշինքի շնորհանդեսի ժամանակ Բայդենը նշել է, որ այն կոչված է ընդլայնել անդամ երկրների հնարավորությունները 21-րդ դարի սպառնալիքներին դիմակայելու համար։
Սքոթ Մորիսոնն իր հերթին նշել է, որ աշխարհն ավելի բարդ է դառնում, առաջին հերթին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի:
Նոր դաշինքի պետությունների ղեկավարները նշել են, որ «AUKUS»-ը կապահովի այդ երկրների պաշտպանությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես, Ավստրալիային թույլ կտա առաջին անգամ ատոմային սուզանավեր կառուցել և հրաժարվել դրանք Ֆրանսիայից գնելուց։