ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սրվող հակասությունները վտանգավոր են խաղաղության համար և կոչ է արել խուսափել նոր սառը պատերազմից, որը հնից ավելի վտանգավոր կլինի, գրում է «РИА Новости»-ն։
«Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը, երբ մենք շարժվում ենք դեպի երկու երկրների լիովին առճակատման, վտանգավոր է խաղաղության համար»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ռիսկերը բազմազան են՝ համաշխարհային տնտեսության «երկփեղկման» հավանականությունից և «հակամարտող ռազմական դոկտրինների» ի հայտ գալուց մինչև արհեստական բանականության զարգացման տարբեր ռազմավարություններ:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է խուսափենք նոր սառը պատերազմից, քանի որ հին սառը պատերազմն ավելի հեշտ էր կառավարել։ Հիմա ամեն ինչ ավելի բարդ է»,- ասել է Գուտերեշը։