Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է «Հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ» միջոցառումը:
Ինչպես հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամից, այն տեղի է ունեցել 2021 թ. հոկտեմբերի 8-ին Իտալիայում 2021- ի «Ավրորայի» միջոցառումների ընթացքում:
Հանդիպման ժամանակ 2021թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել են, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի
է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:
Քննարկմանը «Ավրորայի» հերոսները պատասխանել են նաև դահլիճից հնչող հարցերին: Միջոցառման լեզուն եղել է անգլերենը՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզինը հայտնել է, որ Ֆարտուն Ադանը դարձել է 2020 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը և արժանացել արձանիկի:
Հիշեցնենք, որ Ֆարտուն Ադանն ու Իլվադ Էլմանը անցյալ տարի ստացել էին «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը: 2020-ին կորոնավիրուսի բռնկման և սահմանափակումների պատճառով հաղթողները հայտարարվել էին առցանց: Ավրորայի հերոսներին ողջունել էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Այդպիսով, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ կանցկացվի Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը: