ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր են սահմանվում՝ աշխատողների աշխատավարձերի պահպանմամբ: Փաստաթուղթը, ТАСС-ի փոխանցմամբ, հրապարակվել Է Կրեմլի կայքում։
Կառավարության հետ չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը հավանություն է տվել կառավարության համապատասխան առաջարկին: Նրա խոսքով՝ այժմ հատկապես կարևոր է կոտրել համաճարակի նոր ալիքը։
Շրջանների իշխանություններն իրավունք ունեն լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր սահմանել մինչև հոկտեմբերի 30-ը կամ նոյեմբերի 7-ից հետո: Կառավարությունն ու մարզերի իշխանությունները պետք է աջակցություն ցուցաբերեն բիզնեսին ու սոցիալական ՀԿ-ներին՝ ոչ աշխատանքային օր սահմանելու կապակցությամբ։
Պուտինը նաև կառավարությանը հանձնարարել է սահմանել այդ ոչ աշխատանքային օրերին մշակույթի և առողջապահության դաշնային հաստատությունների աշխատանքի ռեժիմը: