Կրեմլը դեռ տեղեկություններ չունի Թուրքիայում լրտեսության մեղադրանքով չորս ռուսաստանցիների ձերբակալման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ թուրքական «Հուրիեթ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայում ձերբակալվել են չորս Ռուսաստանի, մեկ Ուզբեկստանի և մեկ Ուկրաինայի քաղաքացի՝ ռազմական և քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով:
«Ո՛չ, մենք տեղեկություն չունենք: Ես, անկեղծ ասած, չգիտեմ: Ես խորհուրդ եմ տալիս կապվել արտաքին գործերի նախարարության հետ, եթե Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղյակ պահեր մեր դիվանագիտական առաքելությանը, հյուպատոսական ծառայությանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Այս տեղեկատվությունը, իրոք, պետք է տրամադրվեր, եթե այդ մասին է խոսքը: Մենք դեռ նման տեղեկություններ չունենք»,- հավելել է Կրեմլի խոսնակը: