Թեհրանը կարող է վերանայել իր հարաբերություններն ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ եվրոպական երկրների «անարդար» գործելակերպի պարագայում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը։
«Եթե եվրոպական երեք երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան) անարդար միջոցներ ձեռնարկեն միջուկային համաձայնագրում վեճերի կարգավորման մեխանիզմն օգտագործելու դեպքում, Իրանը կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցերը»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Լարիջանին հավելել է, որ խորհրդարանն արդեն պատրաստել է գործողությունների ծրագիր՝ նշելով, որ Թեհրանը չի ցանկանում այն գործի դնել. սակայն կարձագանքի Եվրոպայի քայլերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին: