ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի համագործակցության առաջարկն ընդունելն անհնար է, քանի որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում իր երկրի նկատմամբ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել՝ առանց տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նախապայմանների:
«Ռավանչին ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը «անհավանական» է անվանել՝ հավելելով, որ քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է թշնամանքով առաջնորդվել, բանակցությունները ոչ մի իմաստ չունեն», – հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետին:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող «աննախադեպ» պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
«ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում Ռավանչին հայտարարել էր, որ Իրանը լուծել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չի նախատեսում:
«Մեր բոլոր գործողությունները համազոր էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտվել են: Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չնախաձեռնի Իրանի նկատմամբ, մեր կողմից նման գործողություններ նույնպես չեն լինի»,-ընդգծել է իրանցի դիվանագետը:
Ռավանչին հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրականացնելով իր ինքնապաշտպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Թեհրանը Վաշինգտոնին խոստացել է կոշտ պատասխան տալ:
Իրանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Իրանը հունվարի 8-ին բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ: