Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները խաթարում են Վաշինգտոնի նկատմամբ երկրի վստահությունը միջուկային գործարքին վերադառնալու հարցում: Այս մասին հաղորդում է TАСС-ը։
«Նոր պատժամիջոցների սահմանումը լիովին արտացոլում Է Սպիտակ տան հակասական վարքագիծը։ ԱՄՆ կառավարությունը խոսում է միջուկային գործարքին վերադառնալու ձգտման մասին և միևնույն ժամանակ շարունակում է զբաղվել Թրամփի մոտեցմամբ։ Նման ուղերձը վստահություն չի ներշնչում», – գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի խոսքը։ Նրա խոսքով՝ «ամերիկյան կողմի նման գործողությունները կրկին ոչնչի չեն հանգեցնի, բացի նոր անհաջողություններից»։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել չորս իրանցիների և Իրանում տեղակայված երկու ընկերությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, զգալի աջակցություն էին ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համար անօդաչուների ստեղծման ծրագրերի իրականացմանը: