ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում առկա քաղաքական գործընթացը, աֆղանստանցիներին հումանիտար օգնություն հասցնելու հարցը: Քննարկվել են նաև Լիբիայի ընտրությունները, ինչպե սնաև Արևելյան Միջերկրածովյան իրադրությունը եւ Հարավային Կովկասին վերաբերող դիվանագիտական ջանքերը: Այս մասին ասված Է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և երկու երկրների միջև տարաձայնություններն արդյունավետ լուծելու իր ցանկության մասին:
Նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել Է Վաշինգտոնի մտահոգությունը Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Նա նաև ընդգծել է ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության կարևորությունը:
Ինչպես հաղորդում է TACC-ը, Թուրքիայի նախագահի վարչակազմը դրական է համարել Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը:
«Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է նախագահ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այդ բանակցություններում, որոնք անցել են դրական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները», – գործակալությունը մեջբերում է վարչակազմի` Twitter-ում տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ առաջնորդները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել: «Բանակցություններում քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է անել երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ավելացման համար։ Կարևորվեց ՆԱՏՕ-ի դաշինքը և ռազմավարական գործընկերությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեքստում կատարված փոխադարձ քայլերի կապակցությամբ»,-հայտնել է վարչակազմը:
Ըստ հաղորդագրության՝ Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, սակայն նրանք ավելի քան մեկ ժամ խոսել են: