Չիլիից պատգամավոր Հաիմե Նարանհոն 15 ժամ շարունակ առանց ընդմիջման ելույթ է ունեցել երկրի նախագահ Սեբաստիան Պինյերայի իմփիչմենթի հարցով խորհրդարանի նիստում: Այս մասին գրում է Reuters-ը։
Նիստից առաջ Նարանհոն տեղական BioBio ռադիոկայանին պատմել է, որ իր մոտ 1300 էջ տեքստ կա պատրաստված։ Այս ընթացքում պատգամավորներն ընդամենը երկու անգամ են ընդմիջումների գնացել 15-ական և 20-ական րոպե։ Պատգամավորի ելույթի ժամանակ բժիշկը երկու անգամ ստուգել է վերջինիս։
Նարանհոյի գործընկեր Ջորջո Ջեքսոնը կարանտինում պետք է գտնվեր մինչև նոյեմբերի 9-ը՝ կորոնավիրուսի վարակակրի հետ կոնտակտավոր լինելու պատճառով: Կեսգիշերից հետո նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատգամավորը նստած է մեքենայի ղեկին և ասում է, որ արդեն «շտապում է խորհրդարան»: Ջեքսոնի՝ նախագահի իմփիչմենթին աջակցելու ձայնը պետք է վճռորոշ դեր խաղար քվեարկության ժամանակ։
Մի քանի ժամ անց Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը պաշտպանել է նախագահի իմփիչմենթը՝ միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սխեմաների կասկածների պատճառով։ Նման որոշման օգտին քվեարկել է 78 պատգամավոր, ինչը կազմել է նախաձեռնությանն աջակցելու համար անհրաժեշտ նվազագույնը։