Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում սուրբծննդյան շքերթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 40-ը վիրավորվել է։ Այս մասին կիրակի օրը հայտնել է տեղի ոստիկանության վարչությունը։
Ոստիկանության տվյալներով՝ տուժածներից շատերն ինքնուրույն են գնում հիվանդանոցներ։ Նշվում է, որ փողոցը, որտեղ գրանցվել է վթարը, փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 12:00-ն: Տարածքի ձեռնարկությունները նույնպես փակ կլինեն։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրավապահ մարմիններում, ժամը 16:39-ին ամենագնացը մխրճվել է սուրբծննդյան շքերթի մասնակիցների բազմության մեջ։ Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել «հետաքննությանը առնչվող անձի»: Միաժամանակ չի նշվում` խոսքը մեքենայի վարորդի մասին է, թե ոչ։