Ամերիկացի զինվորականները կարծում են, որ շաբաթ օրը Սիրիայի Իդլիբ նահանգում հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Newsweek ամսագրին։
Ամսագիրը հայտնում է, որ ամերիկյան ռազմական գործողության թիրախը Ալ Բաղդադին է եղել։ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, ամսագրին հայտնել է, որ Ալ Բաղդադին ոչնչացվել է։
Ըստ Newsweek-ի տեղեկությունների՝ ԱՄՆ-ի ՊՆ-ն Սպիտակ տանը զեկուցել է, որ «մեծ վստահությամբ» կարող է խոսել Ալ Բաղդադիի ոչնչացման մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան իր էջում հաղորդագրություն է տեղադրել «շատ նշանակալի իրադարձության» մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի առաջնորդը Վաշինգտոնի ժամանակով ժամը 09:00-ին պատրաստվում է «կարևոր հայտարարություն» անել:
ՏԱՍՍ-ը հավելում է նաև, որ Ալ Բաղդադիի մահվան մասին լուրերը մի քանի տարի շարունակ տարբեր լրատվամիջոցներում հայտնվում են, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկը պաշտոնական հաստատում չի ստացել։