Bloomberg-ի հաղորդմամբ՝ չինական Huawei ընկերության հիմնադիրը հայտնել է, որ ընկերությունը գտնվում է «կյանքի և մահվան սահմանագծին»:Huawei-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը հատուկ կոչով դիմել է ընկերության աշխատակիցներին։ Նա խորհուրդ է տվել խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ չունեցող աշխատակիցներին ընդգրկվել նոր նախագծերի մշակմամբ զբաղվող հատուկ նշանակության խմբերում։
Նա, միևնույն ժամանակ, նախազգուշացրելէ, որ խորհրդին չհետևելու պարագայում նրանց սպառնում է կրճատումներ կամ աշխատավարձերի ցածրացում։
Ժեն Չժենֆեյը նաև հավաստիացրել է, որ ընկերության կյանքում այս դժվարություններն ուղղակի ժամանակավոր բնույթ ունեն և մոտ ապագայում նրա զարգացումը ապահովվելու է՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը զգալի վնասներ չեն հասցնի ընկերությանը:
Ընկերության հիմնադիրը, սակայն, այն կարծիքին է, որ այս պատժամիջոցները ընդհակառակը բարենպաստ ազդեցություն են ունենալու Huawei-ի համար, որն այսուհետ ռազմավարական առումով կկենտրոնանա մրցունակ նախագծերի մշակման վրա:
Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին Huawei ընկերությունը հայտնվել էր ԱՄՆ-ի սև ցուցակում, իսկ այնուհետև գաջեթների ծրագրային ապահովման մի շարք առաջատար ընկերություններ խզեցին իրենց համագործակցության պայմանագրերը ընկերության հետ․ ընդ որում՝ նրանց թվին էին դասվում նաև խոշորագույն այնպիսի տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպիսիք են Intel-ը և Google-ը:
Հունիսին Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածություն էին ձեռք բերել, որի դրույթներից էր նաև ամերիկյան ընկերությունների և Huawei-ի միջև համագործակցության արգելքի վերացումը: Սակայն, դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով: