Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը և պատրաստ է կոշտ գործողությունների։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Տոկաևը վստահություն է հայտնել, որ ժողովուրդն իրեն կսատարի։ Նա հայտարարել է, որ հավատարիմ է հետևողական բարեփոխումների ուղեգծին և շուտով հանդես կգա երկրի քաղաքական վերափոխման առաջարկներով: «Շուտով հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետևողական բարեփոխումների՝ նախկինում ունեցած դիրքորոշմանը»,- ասել է նա։
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ անկախ ամեն ինչից՝ կմնա Ղազախստանի մայրաքաղաքում, քանի որ նրա սահմանադրական պարտականությունն է լինել ժողովրդի կողքին։
Հիշեցնենք, որ Մանգիստաուի շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ կոչ անելով նվազեցնել գազի գները: Ավելի ուշ բողոքի ակցիաներն ընդգրկել են ամբողջ Ղազախստանը։ Իշխանությունները ցուցարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են Մանգիստաուի մարզում հեղուկ գազի գնի իջեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ։
Հիշեցնենք նաև, որ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն և պարետային ժամ սահմանելու մասին: Հունվարի 5-ին Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք, ներսում հրդեհ է սկսվել։ Քաղաքային վարչակազմի աշխատակիցները դուրս են բերվել շենքից, նախքան ցուցարարները գրոհի փորձ էին ձեռնարկել։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը։