2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանն ընդգրկած անկարգությունների հետևանքով տուժել են շուրջ 1300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, ավելի քան 100 առևտրային կենտրոններ և բանկեր, այրվել է մոտ 500 ոստիկանական մեքենա, ընդհանուր առմամբ՝ տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի կայքը։
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ դա ահաբեկչական հարձակում էր։ Այն Ղազախստանի դեմ ագրեսիայի լավ կազմակերպված և պատրաստված ակտն օտարերկրյա զինյալների մասնակցությամբ առավելապես Կենտրոնական Ասիայի երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից: Եղել են նաև զինյալները Մերձավոր Արևելքից։ Նպատակը՝ մեր տարածքում վերահսկվող քաոսի գոտի ձևավորելն էր՝ հետագայում իշխանության զավթման համար ։ Այդ պատճառով Ղազախստանում հակաահաբեկչական գործողություն է սկսվել», – հայտարարել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ Ղազախստանի տարածքում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորակազմը չի մասնակցում հակաահաբեկչական գործողությանը: «Նրանց գլխավոր խնդիրը Ալմաթիում և Ղազախստանի այլ շրջաններում ռազմավարական օբյեկտների պահպանությունն ապահովելն է ։ Դա ղազախստանյան ուժային կառույցներին թույլ է տվել գործողություններ իրականացնել ահաբեկիչներին հակազդելու ուղղությամբ», – պարզաբանել է Ղազախստանի նախագահը։