Ռուս-ուկրաինական ճգնաժամում միջնորդության հավակնող Թուրքիային չեն հրավիրել Եվրոպական անվտանգության միջազգային առցանց գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հունվարի 25-ին Twitter-ի իր էջում:
«Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը սահմանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ և հավակնում է միջնորդության, հրավիրված չէ, ոչ ոք նույնիսկ չի հարցնում նրա կարծիքը։ Սա համաշխարհային առաջատարություն է՞»,- նշել է Դավութօղլուն։
Հունվարի 25-ին Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը, Մարիո Դրագին, Բորիս Ջոնսոնը եւ Անջեյ Դուդան, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Ինչպես հայտարարել է Ռասմուսենն իր Twitter-ում, մասնակիցները համակարծիք են, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ագրեսիա լուրջ հետևանքներ կունենա»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրին առաջարկել էր որպես միջնորդ ռուս-ուկրաինական հակասությունների կարգավորման հարցում: