Հարցված ռուսաստանցիների երկու երրորդը (68 %) ավելի շուտ պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշումը:
Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում, փոխանցում է ТАСС-ը։
«Ռուսաստանցիների 68 %-ն ավելի շուտ աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշմանը, չի աջակցում յուրաքանչյուր հինգերորդ հարցվածն է (22 %), յուրաքանչյուր տասներորդ քաղաքացի դժվարացել է պատասխանել (10 %)», – ասված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այսօր կայացած բանակցությունների արդյունքում կողմերը նշել են, որ որոշ հարցերի հետ կապված կոնկրետ որոշումներ են կայացվել։