Կիևի և Մոսկվայի բանակցություններում առայժմ չկա այն արդյունքը, որը հարկավոր Է Ուկրաինային։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջին փուլը։ Առայժմ մենք չունենք այնպիսի արդյունք, որը կցանկանայինք ստանալ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա կոչ է արել դիտարկել օդային տարածքի փակումը ռուսականինքնաթիռների, ուղղաթիռների համար, փակել նաև Ռուսաստանի մուտքը աշխարհի բոլոր նավահանգիստներ, ջրանցքներ, օդանավակայաններ:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցություններն անցկացվում են Բելառուսում։ Այդ մասին հայտարարվել էր փետրվարի 27-ին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։