Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետով, իր առաջին նախընտրական հավաքում հայտարարել է Ռուսաստանին և նրա ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին:
«Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը ղեկավարների հետ՝ նույնիսկ արձանագրելով տարաձայնությունները, քանի որ մի օր պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը Պուասիի կոմունայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: «Պետք է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուս ժողովրդին», – հայտարարել է Մակրոնը: Միաժամանակ նա կոչ է արել «ամեն ինչ անել Ուկրաինայում ռազմական գործողությունների էսկալացիայից և ընդլայնումից խուսափելու համար»:
«Չի կարելի ամուր խաղաղություն կառուցել, եթե Ռուսաստանը չմասնակցի մեր մայրցամաքում անվտանգության մասշտաբային ճարտարապետության կառուցմանը, քանի որ դրան պարտավորեցնում են պատմությունն ու աշխարհագրությունը», – նշել է Ֆրանսիայի նախագահը: «Մեր պատասխանատվությունն է պահպանել բոլոր կապերը, որոնք մենք կարող ենք պահպանել», – կարծում է Ֆրանսիայի առաջնորդը: – Մենք պետք է շարունակենք խոսել ռուս և բելառուս ժողովուրդների հետ։ Պետք է դա անել մշակույթի, գիտական և տեխնիկական հանրության, ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ»։