Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային հանձնել ևս 6 հազար միավոր զենք՝ ներառյալ հակատանկային հրթիռներ: Այս մասին հայտնում է TACC-ը։ Հայտարարությունն արվել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատան կողմից՝ մարտի 24-25-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության, G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթաժողովների նախաշեմին։
Ինչպես նշել են դիվանատանը, այցի ընթացքում կառավարության ղեկավարը կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է ևս 6 հազար հրթիռ, այդ թվում՝ հակատանկային: Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինա Է ուղարկել ավելի քան 4 հազար հակատանկային Javelin և NLAW հրթիռային համալիրներ:
«Միացյալ Թագավորությունն իր դաշնակիցների հետ կավելացնի Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցությունը»,- նշել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։