Ռուսաստանը երկու հսկայական քայլ է կատարել դեպի խաղաղություն և սպասում է Ուկրաինայի կողմից հանդիպակաց քայլերին։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է РБК-ն։
Նա հիշեցրել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել գրավոր առաջարկներ, որոնք վերաբերում են նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակին։ Ռուսական կողմի առաջին քայլը, ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ Պաշտպանության նախարարությունում, վերաբերում է Կիևի և Չերնիգովյան ուղղություններով աստիճանական ռազմական դեէսկալացիային: Ինչպես ընդգծել է նախագահի օգնականը, դա չի նշանակում հրադադարի հաստատում. «Դա մեր ձգտումն է աստիճանաբար հասնել հակամարտության ապաէսկալացմանը՝ գոնե այդ ուղղություններով»:
Մեդինսկին նշել է, որ երկրորդ քայլը կապված է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման հնարավորության հետ՝ այն դեպքում, երբ երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն նախապատրաստված պայմանագիրը: Սակայն մինչ նման փաստաթղթի պատրաստվելը դեռ «պետք է շատ մեծ ճանապարհ անցնել», հավելել է նա։
«Ես կրկնում եմ՝ Ռուսաստանը երկու հսկայական քայլ է արել դեպի խաղաղություն։ Մենք սպասում ենք Ուկրաինայից հակընդդեմ շարժման և դիտարկում ենք նրանց առաջին գրավոր առաջարկները, ինչպես նաև մեզ ընդառաջ քայլ: Դա, անկասկած, դրական փաստ է», – պատասխանել է նա։
Մարտի 29-ին ռուսական և Ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում առերես բանակցություններ են անցկացրել։ Դրա արդյունքում Կիևը Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի համար անվտանգության միջազգային երաշխիքների մասին պայմանագրի տարբերակը։ Այն նախատեսում է նաև արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ, ինչպես նաև Կիևի հրաժարումը օտարերկրյա ռազմակայանների և զորքերի տեղակայումից:
Միևնույն ժամանակ անվտանգության երաշխիքների այս առաջարկվող համակարգը չի գործելու ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Ղրիմի տարածքում, հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան: Արախամիայի խոսքով՝ նոր համակարգի երաշխավոր կարող են դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան, Թուրքիան և Իսրայելը:
Բացի այդ, Կիևը Մոսկվային առաջարկել է երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի շուրջ, հայտնել է Արախամիան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, խոստացել է կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովյան ուղղություններով։