Ամերիկյան կինոակադեմիան դերասան Ուիլ Սմիթին արգելել է 10 տարվա ընթացքում հայտնվել իր միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Այդ որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ից՝ մինչև 2032 թվականը Սմիթին արգելված է մասնակցել ԱՄՆ-ի կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ հեռակա կարգով:
Միևնույն ժամանակ, դերասանը կպահպանի «Օսկարի» հնարավոր անվանակարգերում հաղթանակի իրավունքը։
Այդ մասին որոշումը Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի տնօրենների խորհուրդն ընդունել է վերջերս տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո: «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքը, հայտարարելով «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հավակնորդներին, նշել է դերասանուհի Ջադա Փինկեթ-Սմիթի՝ Ուիլ Սմիթի կնոջ զարմանալի, շատ կարճ սանրվածքը՝ նրան համեմատելով «Զինվոր Ջեյն» ֆիլմի հերոսուհու հետ: Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել և ապտակել Ռոքին։ Բանն այն է, որ 50-ամյա Ջադա Փինկետ-Սմիթը տառապում է աուտոիմունային հիվանդությամբ՝ ալոպեցիայով, նրա մոտ մազաթափություն է։
Կինոակադեմիան նաև ներողություն է խնդրել Քրիս Ռոքից՝ շնորհակալություն հայտնելով նրան այն բանի համար, որ նա «չի կորցրել ինքնատիրապետումը»:
Ուիլ Սմիթը հայտարարել է, որ ընդունում և հարգում է ԱՄՆ Կինոակադեմիայի որոշումը։ Ավելի վաղ նա հրապարակավ ներողություն էր խնդրել իր արարքի համար և հրաժարվել Կինեմատոգրաֆիական արվեստներին և Գիտությունների ակադեմիային անդամակցելուց: