Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում 11 անգամ թռիչքներ են իրականացրել հունական կղզիների վրայով՝ խախտելով երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է հունական ERT-1 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«Մի քանի F-16 կործանիչների նոր թռիչքներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 14:30 – ին։ Թուրքական ինքնաթիռները սադրիչ կերպով անցել են Էգեյան ծովի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ինուս կղզու վրա ընդամենը 1 500 ոտնաչափ (մոտ 450 մ) բարձրության վրա, իսկ հետո, պահպանելով նույն բարձրությունը՝ Պանագիա կղզու վրայով: Այնուհետև 9 000 ոտնաչափ բարձրության վրա (մոտավորապես 2 740 մ) նրանք անցել են Ֆարմակոնիսի կղզու վրայով և 10 000 ոտնաչափ բարձրության վրա (3 048 մ) Ֆարմակոնիսի, Լիպսի վարյով: Առաջին թռիչքից մոտ 40 րոպե անց երկու կործանիչներ իրենց անօրինական գործողություններն ավարտել են Ինուսի վրայով 10 000 ֆուտ բարձրության վրա թռիչքով», – ալիքը մեջբերում է գլխավոր շտաբի հայտարարությունը:
ERT-1-ը նշում է, որ երկուշաբթի և երեքշաբթի թուրքական ռազմական ավիացիան օրական վեց թռիչք է կատարել նույն կղզիների վրա, բայց շատ ավելի բարձր բարձրության վրա, որը որոշ դեպքերում հասել է 8 840 մետրի: Հաշվի առնելով այդ խախտումները՝ 2022 թվականի սկզբից հունական կղզիների վրայով թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքների ընդհանուր թիվն արդեն հասել է 50-ի, մինչդեռ 2021 թվականի 12 ամսում այն 48 անգամ էր: Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները որսալու համար բարձրացվել է հունական ռազմական ավիացիան, որը իրավախախտներին ստիպել է լքել հունական օդային տարածքը, ընդգծել են գլխավոր շտաբում:
2022 թվականի փետրվարի սկզբին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հաղորդել էր, որ տարեսկզբից թուրքական կործանիչները, հետախույզ ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը 217 անգամ խախտել են հունական օդային տարածքը, այդ թվում՝ մի շարք թռիչքներ կատարելով հունական կղզիների վրայով: