Էմանուել Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 55 տոկոսից մինչև 58 տոկոսը: Այս մասին գրում է բելգիական LN24 հեռուստաալիքը:
Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 տոկոս։
Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է գրեթե 64%։
Հեռուստաալիքը վկայակոչում է «հասարակական կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների» հարցման տվյալները ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղական ժամանակով ժամը 17:00-ն։
Ֆրանսիայում մինչև քվեարկության ավարտն արգելվում է հրապարակել քվեարկության որևէ նախնական տվյալ կամ հարցումների արդյունքներ: Սակայն այդ սահմանափակումը չի տարածվում այլ երկրների լրատվամիջոցների վրա։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը կարող է մասնակցել մոտ 49 մլն քաղաքացի։ Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել է 12 թեկնածու։ Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը։ Առաջին փուլում գործող նախագահը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորման» առաջնորդը՝ 23,15 տոկոսը: