Թուրքիան ծրագրում է Երկրի ուղեծրում իր արբանյակների թիվը հասցնել 10-ի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Türksat 5B հեռահաղորդակցության արբանյակի շահագործման արարողության ժամանակ։
«Մոտ ապագայում Երկրի ուղեծրում Թուրքիայի գործող արբանյակների թիվը կհասնի 10-ի», – Էրդողանի խոսքերն է մեջբերում «Anadolu»-ն: Նախագահի խոսքով՝ Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր շահերը տիեզերքում, ինչպես նաև ցամաքում, ծովերում և օդային տարածքում:
Գործակալությունը նշում է, որ Türksat 5B հեռահաղորդակցային արբանյակը անցյալ տարվա վերջին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Space X Falcon 9 հրթիռակրի կողմից: Արբանյակի շնորհիվ Թուրքիայում տվյալների փոխանցման թողունակությունը կավելանա 15 անգամ։ Բացի Թուրքիայից, Türksat 5B ծածկույթի գոտի կմտնեն ողջ Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Միջերկրական ծովը, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկան, Նիգերիան, Հարավային Աֆրիկան և նրա մերձավոր հարևանները: