Շրի Լանկայում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները, որոնք հանդես են գալիս երկրի գործող նախագահ Գոթաբաի Ռաջապաքսայի պաշտոնաթողության օգտին, Կոլոմբոյում ներխուժել են պետության ղեկավարի նստավայրի գլխավոր շենք: Այս մասին հայտնել է Daily Mirror պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նախագահի թիկնազորը չի կարողացել կանգնեցնել ցուցարարներին։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել, սակայն դա նրանց չի կանգնեցրել։
Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP), վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը, հայտնել էր, որ ցուցարարները ներխուժել են շենքի տարածք: Պաշտպանության նախարարությունում գործակալության աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ պետության ղեկավարին հաջողվել է հեռանալ նստավայրից ցուցարարների մտնելուց րոպեներ առաջ: Նույն աղբյուրը AFP-ին հայտնել է, որ Ռաջապաքսին դեռևս համարվում է երկրի նախագահ․ և այս պահին պահպանվում է զինվորականների կողմից: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով Ռաջապաքսայի հրաժարականը։ Նրանց հաջողվել է ճեղքել շրջափակումը և մտնել նախագահի նստավայրի տարածք։ Բողոքի ակցիաներում տուժել է 32 մարդ, այդ թվում՝ մի քանի ոստիկան։