Թեհրանում կայացել է «Աստանայի եռյակի»՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների գագաթաժողովը։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ քրդական կազմավորումները պետք է լքեն Թուրքիայի հետ սահմանի մոտ 30-կիլոմետրանոց գոտին:
«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է մաքրենք այդ տարածքները անջատողականների և ահաբեկիչների սպառնալիքներից», – ասել է նա: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հաշտվել թուրք-սիրիական սահմանին քրդական խմբավորումների ներկայության հետ։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը Թուրքիայի «գերակա խնդիրն է»:
Իր հերթին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին:
«Փորձը ցույց է տվել, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը ոչ մի կերպ չի կարող օգնել ահաբեկչության դեմ պայքարում։ Ուստի Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության հարգումը սկզբունք է, որը չի կարելի խախտել։ Միասնական Սիրիան՝ անկախ, առանց օտարերկրյա ուժերի անօրինական ներկայության, կօգնի այդ երկրի ժողովրդին և կօգնի նաև հարևան երկրներին», – ասել է նա։
Հարևան երկրների հետ Սիրիայի սահմանների անվտանգությունն ապահովելու միակ միջոցը Ռաիսին համարել է հարևան երկրների հետ համագործակցությամբ նրա զինված ուժերի առավել ակտիվ ներկայությունը: «Ամերիկացիների անօրինական ներկայությունը դարձել է ապակայունացնող գործոն, բացի այն, որ ամերիկացիները մեծացնում են իրենց ռազմակայանների քանակը, նրանք նաև թալանում են բնական ռեսուրսները», – նշել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հատուկ մտահոգություն է առաջացնում սիրիական իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը: «Տեսնում ենք, որ այդ շրջաններից ելնում են հանցավորության, ծայրահեղականության, անջատողականության իրական սպառնալիքները։ Դրան մեծապես նպաստում է արևմտյան պետությունների ապակառուցողական գիծը՝ ԱՄՆ – ի գլխավորությամբ», – ասել է նա։
«Ուստի կարևոր է, որ մեր եռակողմ ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն, ուղղված լինեն այդ շրջաններում իրադրության կայունացմանը և դրանց վերադարձմանը Սիրիայի օրինական կառավարության վերահսկողությանը: Վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն գործնականում ամրապնդել փոխգործակցությունը՝ ի շահ սիրիական հողում մնացած միջազգային ահաբեկչության օջախների վերջնական ոչնչացման։ Պետք է վերջ դնել Սիրիայում ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների ներկայությանը», – եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները պետք է վերադառնան սիրիական իշխանությունների վերահսկողության տակ: «Այսուհետ ևս ուշադիր հետևելու և հստակ կանխելու ենք Սիրիայի տարածքում գտնվող զինյալների արտաքին ուժերի օգտագործումը սեփական եսասիրական, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար, ինչպես ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – ասել է Պուտինը: