Ռուսաստանում «Яндекс»-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հայց է ներկայացրել ԵՄ Խորհրդի դեմ, որը պատժամիջոցներ է սահմանել իր նկատմամբ: Հայցին ուշադրություն է դարձրել RTVI-ն։
Խուդավերդյանը պահանջում է չեղարկել պատժամիջոցները՝ դա բացատրելով նրանով, որ ԵՄ-ի կողմից դրանց ներդրման հիմքերը «անբավարար են և բացակայում են հավաստի ապացույցները»: Հայցում Խուդավերդյանն ընդգծում է, որ չի աջակցում Ուկրաինայում ռուսական իշխանությունների գործողություններին։
Բացի այդ, «Яндекс»-ի նախկին ղեկավարը սխալ է համարում ԵՄ խորհրդի պնդումները, որ ընկերությունը «եկամտի էական աղբյուր է ՌԴ կառավարության համար», և որ «Яндекс»-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին «ռուսաստանցիներից տեղեկություններ թաքցնելու առանցքային տարր է»:
Խուդավերդյանը ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել մարտի 15-ին։ Պատժամիջոցների ցուցակի պարզաբանման մեջ ասվում էր. «2022 թվականի փետրվարի 24-ին Խուդավերդյանը ներկա է գտնվել Կրեմլում օլիգարխների և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որտեղ քննարկվել է արևմտյան պատժամիջոցների ֆոնին գործողությունների ծրագիրը։ Այն փաստը, որ նրան հրավիրել են այդ ժողովին, վկայում է այն մասին, որ նա Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած օլիգարխների մերձավոր շրջապատի անդամ է, և որ նա աջակցում կամ իրականացնում է գործողություններ, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, ինչպես նաև Ուկրաինայի կայունությանն ու անվտանգությանը», — ասված է փաստաթղթում:
Խուդավերդյանը զբաղեցրել է «Яндекс» ընկերությունների խմբի կառավարչի պաշտոնը։ Նրա դեմ պատժամիջոցներ սահմանելուց մի քանի ժամ առաջ նրան նշանակել են Ռուսաստանում ընկերության գլխավոր տնօրեն։ Նա այդ պաշտոնում պետք է փոխարիներ Ելենա Բունինին։ Պատժամիջոցների սահմանման հաջորդ օրը Խուդավերդյանը լքել է Yandex N. V.-ի (Նիդերլանդներում գրանցված «Яндекс» խմբի գլխավոր ընկերության) տնօրենների խորհուրդը և գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Հուլիսի 8-ին նա նաև հայտնվել է Կանադայի պատժամիջոցների տակ։