Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև սերտ շփումները կօգնեն պարզաբանել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության և գործունեության հետ կապված առկա խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե կան հարցեր, ապա, իհարկե, պետք է պատասխանել։ Բայց, միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, կօգնեն հստակեցնել այն հարցերը, որոնք կան»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրացումներով։ Նրա խոսքով՝ Կրեմլը կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել և իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել, որ Պուտինն ու Էրդողանը Սոչիում մտքեր կփոխանակեն նաև ստեղծված իրավիճակի շուրջ։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։ Նա նշել էր, որ շփման գծի ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։
Հիշեցնենք նաև, որ Արցախի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված մարտական հենակետերը, որի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը և նռնականետերի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծել են Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ 19-ը: Նախօրեին՝ օգոստոսի 3-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք էր հայտարարել Արցախում։