Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ափսոսանք է հայտնել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմին էապես կրճատելու Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ:
«Թեհրանը համապատասխան միջոցների կգնա՝ ի պատասխան այդ դեմարշի։ Մենք խորհուրդ ենք տալիս Կիևին ձեռնպահ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի միջև հարաբերությունները», – դիվանագետի խոսքը մեջբերում է ТАСС-ը։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Страна» պարբերականը, սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից, ինչպես նաև որոշել է զգալիորեն կրճատել Կիևում Իրանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը: Ինչպես գրում է պարբերականը, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը «Ուկրաինայի տարածքում իրանական տեխնոլոգիայով պատրաստված անօդաչու թռչող սարքեր» է սկսել կիրառել: