ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են մարդկության դեմ: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին Իրանի դեմ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության կեղծավոր պատրվակով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ մտադրությունը և նման պատժամիջոցները համարում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Երկար տարիներ ողջ աշխարհը տեսել է, թե ինչպես է ԱՄՆ-ն մտածում մարդու իրավունքների մասին Պաղեստինում, Աֆղանստանում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Սիրիայում և նույնիսկ հենց Ամերիկայում: Ջո Բայդենը լավ կանի մի փոքր մտածի իր երկրում մարդու իրավունքների մասին՝ նախքան Իրանում հումանիտար իրավիճակի մասին խոսելը: ԱՄՆ նախագահը պետք է անհանգստանա Իրանի ժողովրդի դեմ բազմաթիվ պատժամիջոցներով, որոնք հանցագործություն են մարդկության դեմ»,- նշել է նա իր Telegram-ի ալիքում։
ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի իրանցի պաշտոնյաների դեմ:
Հիշեցնենք, որ Իրանում սեպտեմբերի 17-ից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մախսա Ամինիի մահվանից հետո: Սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը ժամանել էր Թեհրան՝ հարազատներին այցելելու համար։ Քաղաքում նրան ձերբակալել էր ոստիկանների հատուկ ջոկատը, որը հետևում է շարիաթական նորմերի պահպանմանը։ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նրան բռնության են ենթարկել։