ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է հետագա միջոցներ ձեռնարկել իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի վարկածով, մասնակից են խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություններին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պյերը։
«Իրանը պետք է դադարեցնի բռնություններ կիրառել իր քաղաքացիների նկատմամբ միայն այն բանի համար, որ նրանք օգտվում են իրենց հիմնարար իրավունքներից ու ազատություններից։ Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել՝ իրանցի պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու և իրանցիներին ազատ բողոքելու իրավունքին աջակցելու համար», – ասել է նա։
«Միայն անցյալ շաբաթ մենք հաղորդեցինք ձեռնարկվող գործողությունների մասին, որպեսզի իրանցիները ինտերնետ հասանելիություն ունենան այն ժամանակ, երբ նրանց կառավարությունը սահմանափակում է նրանց այդ իրավունքում:… Մենք միջոցներ ենք ձեռնարկել այս կապակցությամբ։ Այս շաբաթ կհետևեն հետագա քայլերը»:
Իրանում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։