Ֆրանսիայում հայկական սփյուռքը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալության ստամբուլյան թղթակիցը, այս մասին Ստրասբուրգում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ հայկական սփյուռքի անդամները դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում են թշնամությանը։ Թուրք նախարարը Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել այդ երևույթի դեմ։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ թուրք-ամերիկյան համակարգող կոմիտեն ևս հաջողությամբ պայքարել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի դեմ։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: