ԵԽԽՎ 47 պատգամավորներն իրենց հայտարարության մեջ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, պահանջել են դուրս բերել ադրբեջանական ուժերը երկրի տարածքից և վերադարձնել գերիներին:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանը «2022թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ»: Նշվում է, որ այդ «ռազմական ագրեսիայի հրահրված գործողությունների ընթացքում Ադրբեջանը նաև հարվածներ է հասցրել Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկային զոհերի, ներառյալ քաղաքացիական անձանց»: Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ գերեվարված զինվորականների նկատմամբ կտտանքների սարսափելի վկայություններ կան, ինչպես նաև զոհված զինվորների, այդ թվում՝ կանանց մարմինների նկատմամբ բռնությունների դեպքերի մասին:
«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի կանոնադրական, կոնվենցիոն և անդամակցության պարտավորությունների աղաղակող խախտում է։ Մենք նաև դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ, որոնց տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերում», – ասված է հայտարարության մեջ:
Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հետագա ագրեսիայից և խաղաղ մասնակցել բանակցային գործընթացին, ինչպես նաև պահանջել են Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր գերիների անհապաղ վերադարձը:
Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 47 պատգամավորներ, որոնց թվում են Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սլովենիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչները:
Ավելի վաղ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Քիմո Կիլյունենը և Բորիաննա Աբերգը կոչ էին արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել ռազմագերիներին։