ԵԱՀԿ փորձագետների առաքելությունը, որն ուղարկվում է Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման նպատակով, չունի կազմակերպության մանդատը և պետք է գնահատվի որպես մասնավոր այց։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի փորձագետների խումբ՝ գնահատելու սահմանային որոշ շրջաններում տիրող իրավիճակը։
«Նման առաքելության հարցը երբեք չի քննարկվել ԵԱՀԿ որևէ կոլեկտիվ մարմնի կողմից, որը որոշումներ է կայացնում, և դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել», – ասված է հաղորդագրության մեջ:
«ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության նման միակողմանի գործողությունները, ի միջի այլոց, հակասում են ցանկացած պատասխանատու և հուսալի միջնորդության և վստահության կառուցման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և միջազգային իրավունքից բխող պետությունների պարտավորությունների կատարումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատել էին քառասուն դիտորդների Հայաստան ուղարկումը Ադրբեջանի հետ սահման։