Իրանի Բենդեր-Էնզելի քաղաքում սպանվել է Մեհրան Սամաք անունով 27-ամյա երիտասարդը, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տոնել էր ազգային հավաքականի՝ ԱՄՆ-ի հավաքականից կրած պարտությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հակակառավարական ցույցերի ժամանակ տղամարդը շարժվել է իր մեքենայով՝ ազդանշան տալով խմբային փուլի երրորդ տուրի խաղում Իրանի ազգային հավաքականի՝ ԱՄՆ-ից կրած պարտության պատվին։ Նշվում է, որ իրավապահները սպանել են Սամաքին՝ գլխին հրազենային կրակոցով: Չորեքշաբթի օրը տեղի ունեցած տղամարդու հուղարկավորության ժամանակ հնչել են հակակառավարական կարգախոսներ։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է «Ալ-Թումամա» մարզադաշտում և ավարտվել էր 1։0 հաշվով՝ հօգուտ ամերիկացիների։ Միակ գոլի հեղինակ դարձել էր կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը՝ հանդիպման 38-րդ րոպեին։
Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիան 3-0 հաշվով հաղթել էր Ուելսին։ Այսպիսով, բրիտանացիները B խմբում առաջին տեղով դուրս էին եկել մրցաշարի փլեյ-օֆֆ՝ վաստակած 7 միավորով։ ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, Իրանը 3 միավորով 3-րդն է, իսկ Ուելսը մեկ միավորով՝ չորրորդը: