Իրանը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ, ծրագրում են ռազմածովային դաշինք ստեղծել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։
«Տարածաշրջանի երկրներն այսօր հասկացան, որ միայն միմյանց հետ համագործակցությունն է ապահովում տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է Իրանին։
Նշվում է, որ նա չի հստակեցրել դաշինքի ձևաչափը, որը, ըստ նրա, կձևավորվի մոտ ապագայում։ Իրանցի հրամանատարն ասել է, որ դաշինքի կազմում կլինեն նաև Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Կատարը, Իրաքը, Պակիստանը և Հնդկաստանը։
Մարտին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև։ Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում։