Հուլիսի 30-ի առավոտյան Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է արել, որը կանխվել է, հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ուկրաինական մեկ ԱԹՍ է ոչնչացվել։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ, ևս երկու անօդաչու սարք, կորցնելով կառավարումը, կործանվել է «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում:
TASS-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ պատահարի հետևանքով աննշան վնասվել են «Մոսկվա-Սիթիի» երկու աշտարակների ճակատները, համալիրի շենքերից սկսել են տարհանել մարդկանց։ «Օկո-2» Աշտարակում կոտրվել են առաջինից չորրորդ հարկերի ապակիները։ Այս պահի դրությամբ իշխանությունները հայտնել են 1 տուժածի մասին։ Արտակարգ դրության պատճառով փակվել է մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանը, ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է։