Իրաքի հյուսիսում պայթյունի հետևանքով թուրք զինվոր է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Գործակալության տվյալներով՝ զինծառայողը մահացել է «անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամների» կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետեւանքով։
Օգոստոսի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման արդյունքում 5 թուրք զինվոր է սպանվել։
PKK-ն Թուրքիայում արգելվել և ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։ 2022 թվականի ապրիլին Անկարան սկսեց «Ճանկեր-ամրոց» գործողությունը PKK-ի դեմ Հյուսիսային Իրաքում: 2020-21 թվականներին թուրքական բանակը ևս չորս գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում։